Ավտոբուսի վթարում զոհվել է Իրանից արտաքսված 7...

Աֆղանստանի հարավում տեղի ունեցած վթարի պատճառով զոհվել է 79 մարդ, այդ թվում՝ 17 երեխա։ Զոհերի մեծ մասը եղել են ավտոբուսում, որը տեղափոխում էր Իրանից արտաքսված աֆղանստանցի միգրանտներին։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության խոսնակին։

Քաբուլ ուղևորվող ավտոբուսը Հերաթի նահանգում օգոստոսի 19-ի գիշերը բախվել է բեռնատարի և մոտոցիկլետի, որից հետո սկսել է այրվել։ 

Զոհվել են ինչպես ավտոբուսում գտնվող բոլոր անձինք, այնպես էլ երկու հոգի մյուս փոխադրամիջոցներից։

Ըստ AFP գործակալության՝ Հերաթի ոստիկանությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի անփութության և արագության գերազանցման պատճառով։ 

BBC-ն հիշեցնում է, որ վերջին ամիսներին Իրանը սկսել է արտաքսել փաստաթուղթ չունեցող աֆղանստանցի միգրանտներին։ 1970-ական թվականներից միլիոնավոր աֆղանստանցիներ փախել են Իրան և Պակիստան, հատկապես՝ 1979 թվականին Աֆղանստան ԽՍՀՄ-ի ներխուժումից, ինչպես նաև 2021 թվականին Թալիբանի վերադարձից հետո։