Ընդդիմադիր «Ավստրիայի ազատություն կուսակցության» (ԱԱԿ) պատգամավորները լքել են Ազգային խորհրդի նիստերի դահլիճը (խորհրդարանի ստորին պալատ)՝ այդպես իրենց բողոքն արտահայտելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ տեսակապով ելույթի դեմ։
Այս մասին հայտնում է Der Standard պարբերականը: Նշվում է, որ կուսակցության պատգամավորները նիստերի դահլիճը լքել են Զելենսկիի ելույթի սկզբում՝ ցույց տալով, որ կողմ են երկրի չեզոքության պահպանմանը: Խորհրդարանականներն իրենց տեղերում թողել են ցուցանակներ «Տեղեր խաղաղության համար» և «Տեղեր չեզոքության համար» գրություններով։
Ըստ Der Standard-ի՝ Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության որոշ պատգամավորների տեղերը ևս ազատ էին: Ավստրիացի խորհրդարանականներին ուղղված իր ուղերձում Զելենսկին Վիեննային շնորհակալություն է հայտնել Կիևին աջակցելու համար ինչպես հումանիտար ոլորտում, այնպես էլ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի աշխատունակության վերականգնման և մարտական գործողությունների գոտի դարձած տարածքների ականազերծման գործում։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայի ականապատ տարածքն «ավելի քան կրկնապատիկ գերազանցում Է Ավստիայի տարածքը»։
PULS 24 հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդարանի շենքի առջև նաև հանրահավաք է սկսվել Ուկրաինայի ղեկավարի ելույթի դեմ։ Մի քանի տասնյակ ցուցարարներ պահել են Ռուսաստանի և Ավստրիայի դրոշներ, ինչպես նաև ցուցապաստառներ՝ ի պաշտպանություն խաղաղության և հանրապետության չեզոքության:
Նրանք խորհրդարանի գլխավոր մուտքի սանդուղքի վրա պարզել են ցուցապաստառներ՝ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները չեղարկելու և ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկայի մուտքը երկիր թույլ չտալու կոչերով։ Միևնույն ժամանակ Der Standard-ի հրապարակման տակ իրենց մեկնաբանություններում բազմաթիվ ավստրիացիներ քննադատել են ԱԱԿ-ի վարքը՝ դա համարելով ,անընդունելիե: Ավելի վաղ ԱԱԿ-ի նախագահ Հերբերտ Քիքլը Զելենսկիի ելույթը համարել էր «Ավստրիայի չեզոքության խախտում» և հայտարարել Ավստրիայի խորհրդարանը «պատերազմող պետության քարոզչության հարթակի» վերածելու անթույլատրելիության մասին։ Ուկրաինայի նախագահն Ազգային խորհրդի պատգամավորների առջև հանդես Է եկել ստորին պալատի խոսնակ Վոլֆգանգ Սոբոտկայի հրավերով։