Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգն ԱԳՆ-ում տեղի ունեցած առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են և՛ հայ-ավստրիական հարաբերությունները, և՛ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ արտգործնախարար Միրզոյանը նախարար Շալենբերգին հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ իր տեղեկություններով։
«Ուրախությամբ պիտի նկատեմ, որ պարոն Շալենբերգը, միանշանակ, ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և համանախագահության ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի՝ դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև՝ իր աջակցությունն է հայտնում գոյություն ունեցող բոլոր հումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են հայ ռազմագերիների հարցը և մշակութային հուշարձանների պահպանման և մատչելիության հարցերը»,- լրագրողներին հայտնեց Հայաստանի ԱԳ նախարարը։