Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը...

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով՝ խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Բացահայտման միջոցառումներին ներգրավվեցին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, և օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ավազակային հարձակումը կատարել է Գյումրիի Շիրակացու փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում օգոստոսի 16-ին 26-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Նա ձերբակալվել և ներկայացվել է դատարան, որտեղ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: