ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ իգոր Պոպովն իր վերջին հարցազրույցում ասաց, որ երբ 2018-ին իշխանությունը ՀՀ-ում փոխվեց, սեղանին դրված էր հետեւյալ փաստաթուղթը. Մենք վերադարձնում ենք 5 տարածքները, Արցախը առայժմ չի ճանաչվում, բայց Արցախը, Լաչինն ու Քելբաջարը մնում են այն վիճակում, ինչը կար, բացվում են բոլոր ճանապարհները, եւ ինչ-որ անորոշ տարիներից հետո քվեարկության միջոցով, հանրաքվեով որոշվում է Արցախի կարգավիճակը՝ կլինի անկա՞խ, թե կորոշի մտնել Ադրբեջանի կազմի մեջ. այդ ամենից հետո նոր քննարկվում է Լաչինի ու Քելբաջարի հարցը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ դեռ պատերազմի ժամանակ մտածել են, որ այդ տարածքները կտանք Արցախի անկախության ճանաչման դիմաց:
«Սա էլ բավականին նորմալ տարբերակ է, մենք մաքսիմումն էինք ուզում: Ալիեւի համար անկախություն ճանաչելը մահացու էր, եթե նա ճանաչեր, նույն օրը իշխանությունը կկորցներ: նորմալ ղեկավարը պետք է դիմեր ժողովրդին ասեր՝ ունենք երկու տարբերակ, կամ ստորագրում ենք այս տարբերակը, կամ պատրաստվում ենք պատերազմի: Դա նորմալ մարդը կասեր: Ինչ արեց Փաշինյանը. Նա բանակցային ամբողջ գործընթացը տապալեց: Մեկ ասաց, որ Արցախը թող որոշի ինչ անի, Արցախն ինձ չի ընտրել: Հետո ասաց, «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ Բաքուն միանգամից օգտվեց այդ նախադասությունից»,-ասաց նա:
Վազգեն մանուկյանի խոսքով, այս 2,5 տարիների ընթացքում առաջին իսկ օրվանից սկսվեց բանակի վարկաբեկում, այս կամ այն գեներալի դեմ քրեական գործ հարուցել. «Բանակը վարկաբեկված, վախեցած էր: Հայաստանը ցանկանում էր գնել այն զենքերը, որոնք օգնում են պայքարել դրոնների դեմ պատերազմում: Դրանք ինքը հանեց, դրա փոխարեն գնվեցին «ՍՈՒ» ինքնաթիռներ՝ առանց զինամթերքի: Պատերազմի ժամանակ էլ չօգտագործվեցին»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Նիկոլը հիմար է, իսկ հիմար մարդը երկիր ղեկավարել չի կարող. «Երկրորդ, ինքը պետական մտածողություն չունի: Երրորդ, ինքը դավաճան է: Ընտրեք, որն ուզում եք»:
Նա ընդգծեց, որ եթե պատերազմը ժամանակին կանգնեցվեր, մի քանի հազար զոհ չէինք ունենա եւ տարածքների մի զգալի մասը մեր ձեռքում կմնար. «Ասում էր՝ ես ստորագրեմ, հողերը տամ, ինձ դավաճան ասե՞ն: Էդ նույնհողերը տվեցիր, մի քանի հազար մարդ էլ կոտորեցիր, հիմա դավաճան չե՞ս:
Ասում են՝ կան մարդիկ, որ Նիկոլի կողմից են: Ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված: Մարդը, որ 2,5 տարում ոչ մի ճիշտ որոշում չի կայացրել, մեր երեխաներին տարել դրել է սրի տակ, մեր տարածքները ջարդել է, Հայաստանը դարձել է երկրորդական պետություն: Ես չեմ ճանաչում աշխարհում մի թույլ պետություն, որի կենսամակարդակը բարձր լինի: Պետությունը թույլ է, եկամուտքները քիչ են, մարդիկ աղքատ են»,-հայտարարեց նա:



