
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ օրերս ՀՀԿ-ից հեռանալու մասին հայտարարեց կուսակցության երիտասարդական կառույցի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը։
Նրա հեռանալու իրական պատճառների մասին ավանդական մեդիան լռում է, լռում է նաև ՀՀԿ-ն, փոխարենը տեղեկություններ են հայտնվում տելեգրամյան ալիքներում։ Ռուսալեզու հայտնի «Девушка с ружьём» տելեգրամյան ալիքը գրել է, որ պատճառը ֆինանսական է։ Ըստ այդ ալիքի՝ Աշոտ Անդրեասյանը Սերժ Սարգսյանի կուսակցության երիտասարդական կառույցից իրեն վստահված մոտ 30 հազար դոլար է առերևույթ յուրացրել և այդ գումարները տանուլ տվել կազինոներում։
Մեր այս հրապարակումից հետո արձագանք եղավ Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող «Բլոգնյուզ» հարթակից, որտեղ Աշոտ Անդրեասյանի հեռանալը մեկնաբանել էին այսպես․ «Իրականում ՀՀԿ-ում ընթանում է ինքնամաքրման պրոցես, որը չափազանց դրական երևույթ է․ կուսակցության շարքերում մնում են իսկապես գաղափարական մարդիկ, որոնց նպատակը ոչ թե նյութականի հետևից վազելն է, այլ գաղափարը, նժդեհականությունը»։
Այսինքն՝ ՀՀԿ-ում առնվազն չեն հերքել եղած տեղեկությունները և Անդրեասյանի հեռանալը ներկայացրել են որպես ինքնամաքրում։ Այսինքն՝ այդ նախկին ԲՀԿ-ականին համարում էին ՀՀԿ-ն «կեղտոտող»։
Իրականում նման գործընթացները սպասելի էին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի լիարժեք ազատություն ստանալուց հետո։ Որքան էլ քննադատենք Աշոտյանին, նա քաղաքական մարդ է ու լավ է հասկանում, որ անդրեասյանների ներկայության պարագայում պատմություն ունեցող ՀՀԿ-ն նմանվում է Դոգի կուսակցությանը։ Աշոտյանի և իր նման գործիչների համար ըստ էության անընդունելի է, երբ կուսակցության դեմքեր են դառնում փողոցային խուժանից չտարբերվող մարդիկ։
Մեր տեղեկություններով առաջիկայում ՀՀԿ-ում էլի ինքնամաքրում է սպասվում, որի նախաձեռնողը կրկին Աշոտյանն է լինելու։ Կարգի է բերվելու նաև կուսակցության քարոզչական հատվածը, և քաղաքական դաշտի գրեթե բոլոր թևերի հետ խնդիրներ ստեղծած Սամսոնյանին ևս մեկուսացնելու են, որպեսզի չխառնվի քարոզչական աշխատանքներին։