Աշոտ Փաշինյանին կուղարկի՞ Դոնբաս

Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հանրությանը համոզել, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն այլևս Հայաստանի համար ճակատագրական նշանակություն չունեն։ Թվում էր՝ Մոսկվայի դուռը կարելի է շրխկացնել ու հանգիստ շարունակել ճանապարհը դեպի «լուսավոր ապագա»։ Բայց կյանքը վատ սովորություն ունի՝ անտեսելու քաղաքական ելույթները։ Մի քանի ամիս շարունակ Ռուսաստանը հերթով խստացնում է տնտեսական սահմանափակումները Հայաստանի նկատմամբ։ Սկզբում հարվածը հասավ գյուղատնտեսությանը, հետո՝ մյուս ոլորտներին, իսկ այժմ արդեն սահմանափակումների տակ է հայտնվել նաև հայկական կաթնամթերքի արտահանումը։ Եթե այս ընթացքը շարունակվի, միջազգային գնահատականներով Հայաստանի տնտեսությունը կարող է կանգնել ծանր մարտահրավերների առաջ։ Այն վարչապետը, որը տարիներ շարունակ քաղաքացիներին խոստանում էր «ավելի լավ ապրել», այսօր նույնիսկ չի կարողանում ցույց տալ, թե որտեղից է գալու այդ լավ կյանքը։

Իսկ հետո սկսվեց այն, ինչ սովորաբար անում են բոլոր նրանք, ովքեր հասկանում են, որ կամուրջներն այրել են չափազանց շուտ։ Նախ՝ փորձ եղավ հանդիպել Վլադիմիր Պուտինին։ Չստացվեց։ Հետո ստիպված բավարարվեցին Միխայիլ Միշուստինի հետ հանդիպումով։ Արդյունքը զրոյական էր։ Սանկցիաները ոչ միայն չթուլացան, այլ շարունակեցին խստանալ։ Այնուհետև եղավ հեռախոսազրույց Պուտինի հետ։ Դրանից հետո էլ ոչինչ չփոխվեց։ Միակ բանը, որ փոխվեց, Փաշինյանի հռետորաբանությունն էր։ Մարդը, որը տարիներ շարունակ ռուսական ուղղության մասին խոսում էր սառնությամբ, հանկարծ որոշեց հանրությանը հայտնել, որ սկսել է Պուշկին կարդալ։ Կարծես Ռուսաստանում պետք է մտածեին․ «Եթե վարչապետը ռուս դասականներ է կարդում, եկեք վերացնենք բոլոր սահմանափակումները»։

Բայց, ինչպես երևում է, Մոսկվայում գրականության քննություն չէին ընդունում։ Եթե դատենք հրապարակվող տեղեկություններից, Ռուսաստանին հետաքրքրում էր ընդամենը մեկ հարց՝ Հայաստանը շարունակելո՞ւ է Եվրոպական միության անդամակցության ուղղությամբ քաղաքական գործընթացը, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարը, թե՞ ոչ։ Մնացած ամեն ինչ՝ Պուշկինը, ժպիտները, հեռախոսազրույցները, դիվանագիտական ձևակերպումները, պարզապես երկրորդական աղմուկ էին։ Քաղաքականության մեջ կա մի պարզ կանոն․ երբ քեզ այլևս չեն հավատում, բառերի քանակը չի փրկում։ Ընդհակառակը՝ յուրաքանչյուր նոր փորձ ավելի ակնհայտ է դարձնում նախորդ անհաջողությունը։

Հենց այդ պատճառով էլ համացանցն այսօր իշխանությանը պատասխանում է  ծաղրով։ Սոցիալական ցանցերում արդեն հեգնում են՝ եթե Պուշկին կարդալը չօգնեց, գուցե հաջորդ քայլը լինի Աշոտ Փաշինյանին Դոնբաս ուղարկելը։ Չէ՞ որ նման խորհրդանշական քայլերի փորձ արդեն եղել է։ Արցախի կորստից առաջ վարչապետը որդուն ուղարկեց Արցախ, իսկ 2021 թվականի ընտրություններից առաջ հրապարակայնորեն հայտարարում էր, որ պատրաստ է Աշոտ Փաշինյանին նույնիսկ Բաքու ուղարկել՝ հայ գերիների վերադարձի դիմաց։ 

Քաղաքական հեղինակությունը վերականգնվում է արդյունքով, ոչ թե հեռախոսազանգերով, ոչ թե գրական նախասիրություններով և ոչ էլ ցուցադրական ժեստերով։ Եթե ամիսներ շարունակ երկրի տնտեսությունը կորցնում է իր հիմնական շուկան, իսկ իշխանության գլխավոր ձեռքբերումը դառնում է այն, որ վարչապետը սկսել է Պուշկին կարդալ, ապա դա արդեն ոչ թե արտաքին քաղաքականություն է, այլ քաղաքական տրագիկոմեդիա։