Աշխատանքների ծավալի գրեթե տասնապատկումն իրողո...

2025 թվականի ավարտին կառուցման կամ նորոգման աշխատանքներն ավարտված կլինեն 110 դպրոցներում, իսկ աշխատանքները կշարունակվեն ավելի քան 247-ում, որտեղ դրանք արդեն ընթացքի մեջ են։ Ընդհանուր 357 դպրոցներից առնվազն 300-ում աշխատանքները կավարտվեն 2026 թվականի ընթացքում, իսկ մնացած 50-60-ում՝ 2027-ին։

Այս մասին Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը։

«Հետևաբար 2026-ի ավարտին ոչ միայն իրականացված կլինի Կառավարության ծրագրով սահմանված՝ 300 նոր դպրոց ունենալու նպատակը, այլև մեկնարկած կլինենք դպրոցաշինության հաջորդ ծրագիրը։ Հիմա կարելի է ասել, որ այս 357 դպրոցներում միաժամանակյա աշխատանքներ կատարելով՝ որևէ կասկած չունենք, որ 2026-ին Կառավարության ծրագրով հաստատված թիրախներին հասնելու ենք», -ասաց փոխվարչապետը։

357 դպրոցներից ավելի քան 200-ը նոր կառուցվող, վերակառուցվող են, իսկ 150-ը՝ նորոգվող: Կառուցվող և նորոգվող 357 դպրոցների ընդհանուր բյուջեն ավելի քան 385 մլրդ դրամ է, որից 2026-ի ավարտին շահագործման հանձնված դպրոցներին բաժին ընկնող մասը 330 մլրդ դրամ է: 2026-ի բյուջեով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ֆինանսավորումը 150 մլրդ դրամ է, որի գերակշիռ մասը՝ 140 մլրդ դրամը, կհատկացվի դպրոցներին, իսկ 10 մլրդ դրամը՝ մանկապարտեզների կառուցմանը, նորոգմանը, գույքով ապահովելուն ուղղված ֆինանսավորմանը:

2026 թվականը, ըստ փոխվարչապետի, ունի առանձնահատուկ կարևորություն. այն աննախադեպ է աշխատանքների ծավալի տեսանկյունից: Եթե 2021 թվականին դպրոցների կառուցման և նորոգման աշխատանքների ծավալը 11 մլրդ դրամ էր, 2022, 2023 թվականներին եղել է, համապատասխանաբար, 18 մլրդ և 20 մլրդ դրամ, 2024-ին կրկնապատկվել է՝ հասնելով 40 մլրդ դրամի, իսկ 2025-ին այն կգերազանցի 100 մլրդ դրամը:

«2026-ին նախատեսվում է 140 մլրդ դրամի աշխատանք միայն դպրոցների մասով, ինչը 50 տոկոսով ավելի է, քան 2025-ին էր: Երբ 3-4 տարի առաջ խոսում էինք այն մասին, թե արդյոք հայաստանյան կազմակերպություները կարո՞ղ են կազմակերպել 100 մլրդ դրամ և ավելի ծավալով աշխատանքներ, կարող էինք ունենալ զգուշավոր գնահատականների շատ պատճառներ»,- ասաց նա՝ նշելով, որ հավանական ռիսկերը վերաբերում էին այս ծավալով աշխատանք կատարելու պատվիրատու կառույցների կարողություններին:

«Հիմա կարող ենք ասել, որ մեկնարկային տարվա համեմատությամբ աշխատանքների ծավալի գրեթե տասնապատկումն իրողություն է, ինչը տեղի է ունեցել կատարվող աշխատանքների որակին ներկայացնող պահանջների շարունակական բարձրացման պայմաններում»,- ասաց նա:  

Ծրագրի շնորհիվ 2026-ի տարեվերջին շահագործման մեջ կլինի Արագածոտնի մարզի 36 դպրոց, Արարատի մարզի՝ 21, Արմավիրի մարզի՝ 31, Գեղարքունիքի մարզի՝ 29, Լոռու մարզի՝ 43, Կոտայքի մարզի՝ 22, Շիրակի մարզի՝ 42, Սյունիքի մարզի՝ 33, Վայոց ձորի՝ 15, Տավուշի մարզի՝ 17, Երևանի՝ 19 դպրոց: Թվարկվածներից 139-ը կլինեն նոր կառուցված, իսկ 169-ը՝ նորոգված:

Ինչ վերաբերում է մանկապարտեզների ծրագրին, ապա նույնականացված են 470-ը, որից 272-ը մանկապարտեզներ են, մնացածը՝ նախակրթարաններ: Նորոգվող մանկապարտեզների և նախակրթարանների թիվը մինչև այս տարեվերջ կլինի առնվազն 500, և բոլոր նշվածներում աշխատանքները կավարտվեն 2026-ի ընթացքում: 2025-ի վերջին աշխատանքներն ավարտված կլինեն 275-ում, որոնցից 86-ը կլինեն կառուցված կամ վերակառուցված, իսկ 180-ը՝ նորոգված:

«500 մանկապարտեզ» ծրագրի ընդհանուր արժեքը կգերազանցի 70 մլրդ դրամը, որից պետբյուջեից հատկացված մասը՝ 45 մլրդ դրամ: 2026-ի բյուջեով ծրագրին կհատկացվի 12 մլրդ դրամ: Դրանով նախադպրոցական հաստատությունների շենքային պայմանների անելիքների հիմնական մասը կավարտվի: