Աշխարհում «Օրեշնիկ»-ին համարժեք չկա. միանգամի...

Ռուսական նորագույն «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռի զանգվածային կիրառման դեպքում հարվածի ուժը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ նեղ կազմով նիստում։

«Ռազմական և տեխնիկական փորձագետների կարծիքով՝ այդ հրթիռների զանգվածային, խմբակային օգտագործման դեպքում, այսինքն՝ միանգամից մի քանի հրթիռ, մեկ հարվածով դրանց հզորությունը համեմատելի կլինի միջուկային զենքի կիրառման հետ», - ասել է պետության ղեկավարը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այն զանգվածային ոչնչացման զենք չէ։

Պուտինի պնդմամբ՝ աշխարհում «Օրեշնիկ»-ին համարժեք չկա:

«Կիևում որոշումների կայացման կենտրոնները կարող են դառնալ «Օրեշնիկ»-ի խոցման թիրախ:  Գլխավոր շտաբը և ՊՆ-ն ներկայումս ընտրում են «Օրեշնիկ»-ով Ուկրաինայի տարածքում հարվածի թիրախները»,- հավելել է ՌԴ նախագահը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Պուտինն ընդգծել է, որ ռուսական զորքերը կռվում են իրենց հայրենիքի, Ռուսաստանի և իրենց երեխաների ապագայի համար, ուստի Կիևին արևմտյան զենքի ոչ մի մատակարարում չի փոխի իրավիճակը մարտի դաշտում։ 

ՌԴ նախագահը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանն այս գիշեր համալիր հարված է հասցրել 90 հրթիռով և 100 անօդաչու թռչող սարքով, ինչի հետևանքով Ուկրաինայում խոցվել է 17 ռազմական օբյեկտ։

Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույն օրը Ռուսաստանը հարված է հասցրել «Օրեշնիկ» հրթիռով Դնեպրի ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրներից մեկին: Սա այս հրթիռի փորձարկումն էր մարտական պայմաններում։ Պուտինի խոսքով, հարձակումը պատասխանն էր այն բանին, որ ուկրաինական զինված ուժերը նոյեմբերի 19-ին և 21-ին կիրառել են արևմտյան արտադրության հեռահար զենքեր (ATACMS և Storm Shadow)՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերի ռազմական օբյեկտներին հարվածելու համար։