ԱՍՀ նախարարը և ԱՀԿ գրասենյակի ղեկավարը քննարկ...
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ ամփոփվել են համատեղ իրականացված աշխատանքների արդյունքները։
 
Անդրադարձ է կատարվել ավագ սերնդի ներկայացուցիչների առողջապահության ապահովագրության, համայնքային փոքր տներում բնակվող անձանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև աջակցող միջոցների ցանկի ընդլայնման (կոխլեար իմպլանտ, անվասայլակներ և այլն) գործընթացներին։ Դիտարկվել են անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ԱՀԿ աջակցությամբ մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շրջանակում փորձագիտական աջակցության ու փորձի փոխանակման հնարավորությունները։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՀԿ հետ համատեղ աշխատանքների զարգացման հնարավորությունները, ներառյալ բազմակողմ համագործակցությունը Վրաստանի հետ։