ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են Հնդկաստանի և Չին...

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են տարածաշրջանին ռուսական հացահատիկի մատակարարումների հնարավորությունը Հնդկաստանի և Չինաստանի տարածքով։ Ինչպես  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարար Զուլկիֆլի Հասանը, որը նախագահում է կազմակերպության երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպմանը։

«Մենք քննարկեցինք ԱՍԵԱՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրաներդրումային համագործակցության իրականացումը, օրինակ՝ ԱՍԵԱՆ-Ռուսաստան սեմինարը էլեկտրոնային առևտրի վերաբերյալ, Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն ԱՍԵԱՆ-ին», - մեջբերում է Detik հարթակը նրա խոսքը:

Հասանը նաև մեկնաբանել է ռուսական ցորենի ներկրման հնարավորությունը Չինաստանից և Հնդկաստանից։

«Այո, այժմ դա (խմբ․՝ Ռուսաստանից հացահատիկի ներմուծումը) հեշտ բան չէ... Մենք քննարկեցինք, որ եթե ցանկանում ենք պարզեցնել մատակարարումները, ապա կարող ենք անցնել Հնդկաստանով կամ Չինաստանով...: Որովհետև մենք Հնդկաստանի և Չինաստանի հետ խնդիրներ չունենք», - ասել է Ինդոնեզիայի առևտրի նախարարը

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ տարածաշրջանում ցորենի պակաս չկա, և հնարավոր են նաև այլ երկրներից մատակարարումներ։