Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստից կարելի է...

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանական ճեպազրույցը սկսեց երեկ՝ անդրադառնալով խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին։

Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով մամուլում տեղ գտած լուրերին, շեշտեց, թե լուսաբանվել է այնպես, թե «Լուսավոր Հայաստանը» բերել է մի նախագիծ, ըստ որի՝ ով ուզի, կարող է դառնալ ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ։

Պատգամավորը խմբակցության նկատմամբ հակաքարոզչության փորձ է նկատում և պարզաբանում, որ խմբակցությունը գտնում է, որ իրենց առաջարկած փոփոխություններն այլընտրանք չունեն։

«Ես տեսա, որ նաև ինչ-որ նախկին ոստիկանների, մարդկանց էին մամուլում հարցեր տվել: Ինչ-որ մարդ էր մեզ քննադատում, որն, ասենք, Ոստիկանության մանկապարտեզը սեփականաշնորհել, շենք է կառուցել՝ նախկին ոստիկանապետը, ասում է՝ ոնց կարելի է պրոֆեսիոնալիզմը բաց թողնել»,-ընդգծեց նա։

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է, որ ով ուզի, չի կարող դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ, կդառնան նրանք, որոնք քաղաքական պատասխանատվություն կկրեն և նրանք, ում կվստահի ԱԺ-ի կողմից վստահված և ընտրված գործադիր իշխանության ղեկավարը։

Խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականին։ Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստից կարելի էր ենթադրել, որ նա քաղաքականություն մուտք գործելու միտում ունի։