ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում են դատախազության լրատվական ծառայությունից։
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև պարբերաբար թարմացվող համագործակցության ծրագրերով նախատեսվող միջոցառումները, որոնք շարունակվում են ներկայումս, մեծապես նպաստում են դատախազների մասնագիտական ու որակական հմտությունների կատարելագործմանը, ստեղծում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող աշխատանքային խնդիրները և դրանց լուծման մեխանիզմներն առավել անմիջականորեն և հանգամանալից քննարկելու հնարավորություն:
Ս. Կոպիրկինը շեշտել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև իրավական ոլորտում կապերի առավել սերտացման անհրաժեշտությունը՝ վերահաստատելով այդ հարցում դեսպանության պատրաստակամությունը:
Անդրադրաձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին, ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է դրանց վերաբերյալ ՀՀ դատախազության մոտեցումները, ընդգծել նշանակությունը:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն պայքարի ռազմավարական առաջնահերությունների և խնդիրների շուրջ: Արթուր Դավթյանը շեշտել է հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, Հայաստանից հանցավոր ճանապարհով հանված ակտիվների վերադարձման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք գլխավոր դատախազի գնահատմամբ էապես կնպաստեն կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերի արդյունավետությանը, ապօրինի հարստացման կանխմանը, սեփականության իրավունքի պաշտպանության հստակ երաշխիքներով ապօրինի ծագում ունեցող գույքը քաղաքացիադատավարական կարգով բռնագանձման գործընթացի ակտիվացմանը:



