
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ոստիկանությունն ահազանգ էր ստացել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցների մասին։ Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզել էր, որ կրակոցների հետևանքով կա 2 զոհ, որոնցից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը՝ ՀՀ ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Կրակոցների հետևանքով մեկ անձ էլ վիրավորվել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, վիրահատել։ Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ վիրավորված անձի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ սպանված ոստիկանության աշխատակիցը դեպքի պահին ծառայության մեջ չէր եղել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել էր Մերձավանում տեղի ունեցած զինված հարձակումը՝ շեշտելով, որ ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
«Նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։
Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»,- ասել էր ՀՀ վարչապետը։