Արթիկի ՔԿ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

ՀՀ արդարադատության նախարարությունից ArmLur.am-ին հայտնել են, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից։

Վերջինիս ազատումը պայմանավորված է 2025 թվականի նոյեմբերի 28-ին հրապարակված տեսանյութով, որտեղ արձանագրված է անչափահաս երեխայի նկատմամբ ծեծի և նվաստացման դեպք, որի մասնակիցներից մեկը Ռուբեն Գասպարյանի որդին է։

Հիշեցնենք, որ դեպքի տեսագրությունը համացանցում հայտնվելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ անչափահասներ ծեծում և նվաստացնում իրենց հասակակցին՝ ամբողջ ընթացքը տեսանկարահանելով։ Համացանցում լայն արձագանք եղավ, բազմաթիվ քաղաքացիներ իրենց վրդովմունքն արտահայտեցին։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 3-ին  ասել էր, որ երեխայի հայրը շարունակում է մնալ համակարգում:

«Հոր հետ կապված, ես կասեմ հետևյալը. քանի դեռ չեն ստացվել տվյալներ, որ հայրը խոչընդոտել է քննության իրականացմանը, ինչ-որ կերպ ազդել է նախաքննության վրա, կամ փորձել է ինչ-որ պայմաններ ստեղծել, որպեսզի որդին ավելի լավ պայմաններում կրի խափանման միջոցը, մենք չենք դիտարկում պաշտոնավարման դադարեցման հարցը:  Եթե և երբ ձեռք կբերվեն այնպիսի տվյալներ, որոնք անհամատեղելի կլինեն լիազորությունների շարունակականության հետ, մենք այդ հարցը կքննարկենք»,-նշել էր նախարարը: