Փաստացի, Կառավարությունը փայ մտավ Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերության ոլորտում զբաղվող կազմակերպության մեջ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25 տոկոսը կառավարությանն անցնելու գործարքին։
«Սրանով, թե ինչ իրավաչափ նպատակ կարող էր հետապնդվել, ես իրավաչափություն չեմ տեսնում։ Տեռորի միջավայրն ակնհա՞յտ էր, իհարկե։ Դա ակնհայտ էր նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Մուրճ ցուցադրելիս ասում էին նաեւ, որ այդ մուրճը պետք է նաեւ տան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխին։ Հիմա երեւի տվել են գլխին, թե ինչեն արել, դժվարանում եմ ասել։ Որեւէ կազմակերպության մասին խոսել նման բառապաշարով, տնտեսական ներդրումների համար շահավետ պայմաններ չի ստեղծում։
Այս դեպքը արտաքին խաղացողների համար բիզնես միջավայրի տեսանկյունից դրական ազդակ չէ։ Եթե դու ազդակ ես տալիս, որ պետությունը փայ է ուզում կազմակերպությունում, դրանից որեւէ դրական ազդակ չի կարող լինել,– ասաց պատգամավորը։



