
Դեկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում գործող «Լա Կասա» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ մի քաղաքացի նկարահանումներ է կատարել ակումբում, և նրան հայտնել են, որ նկարահանումները դադարեցնի, սակայն իրենց կողմից դիտողություններ անելուց հետո այդ քաղաքացին դուրս է եկել ակումբից ու դրսում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը, վերադարձել ակումբ, ապա՝ ատրճանակի բռնակով հարվածել Երևանի բնակիչ 43-ամյա Ռ. Մեսչյանի գլխին, իսկ գարեջրի շշով՝ Երևանի բնակիչ 32-ամյա Վ. Կարապետյանի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդ է, ում ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Վ. Կարապետյանը հայտնել է, որ ինքը նշված ակումբի տնօրենն է: Քրեական հետախույզները պարզել են միջադեպին ականատես 3 քաղաքացիների ինքնությունը: