Արսեն Թորոսյան հերքում է կենսաթոշակների շուրջ...

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հերքել է տարածվող լուրերը, թե 2026 թվականի հունվարի 1-ից հնարավոր չի լինի բանկային քարտերից կանխիկացնել նպաստներն ու կենսաթոշակները։ 

Արսեն Թորոսյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ 

«Այսօր ուզում եմ խոսել ևս մեկ թեմայի մասին, որը շահարկվում է և մանիպուլացվում. խոսքը կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով ստացման մասին է։ Որոշ շրջանակներ տարածում են, որ հունվարի 1-ից այլևս հնարավոր չի լինելու բանկային քարտերից կանխիկացնել նպաստները և կենսաթոշակները, ինչը լկտի սուտ է։ Այո, դա հնարավոր է անել, բայց մենք դա չենք խրախուսում, որովհետև անկանխիկ եղանակով առևտուր անելու դեպքում դուք կարող եք ստանալ հետվճար՝ ըստ էության բարձրացնելով ձեր նպաստները և կենսաթոշակները 20 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 10 հազար դրամը։ Հետևաբար, անկանխիկ եղանակով կենսաթոշակ և նպաստ ստանալը և օգտագործելը նաև ձեռնտու է»,- նշել է նախարարը։

Նախարարը հիշեցրել է, որ 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները կենսաթոշակառուներին և նպաստառուներին փոխանցվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ 600 հազար քաղաքացիներ արդեն իսկ իրենց նպաստներն ու թոշակները ստանում են անկանխիկ եղանակով։ 

«Ես մեր մնացած մոտ 58 հազար քաղաքացիներին կոչ եմ անում  նույնպես դա անել ինքնուրույն՝ առանց սպասելու ապրիլի 1-ին, որովհետև դա ձեռնտու է։ Եվ նորից խնդրում եմ չտրվել տարբեր կեղծ տեղեկություններին, մանիպուլյացիաներին և հետևեք միայն պաշտոնական լրահոսին»,- ասել է Արսեն Թորոսյանը։