Արոտավայրերի վարձակալության ժամկետը կարող է ե...

Ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով առաջարկվում է պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի (արոտավայրերի) նկատմամբ դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրումը: Միաժամանակ, վարձակալի համար սահմանել հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու եւ այն ըստ գործառնական նշանակության օգտագործելու պարտավորություններ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերի՝ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով երկարաժամկետ վարձակալության տրամադրման գործընթացները:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը փոխանցել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: