Արդեն քանի շաբաթ է հայաստանյան վերլուծական-փորձագիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ՍԴ դատավորներին կամավորաբար վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը, որն արդեն հայտնվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի սեղանին։ Թիվ մեկ ինտրիգն այս պահին այն է, թե նա կստորագրի այն, թե օգտագործելով իր առանց այն էլ սահմանափակ լիազորությունները կփորձի հերթական անգամ խուսանավել։
Տարբեր շրջանակներ արդեն հանդես են եկել կոչերով, նույնիսկ հորդորելով, որ այս օրենքի չստորագրումը կարող է ապացուցել, որ Արմեն Սարգսյանը գոնե «Անգլիայի թագուհու» կարգավիճակ ունի եւ գործադիրի «կցորդը» չէ։ Դժվար է ասել, թե ինչ կերպ կվարվի Հանրապետության նախագահը։ Չստորագրելը կարող է ուղիղ առճակատում նշանակել վարչապետ Փաշինյանի եւ իշխող քաղաքական մեծամասնության հետ։
Սակայն ստորագրելն էլ կարող է բերել նրան, որ ակամա կիսի պատասխանատվությունը, որը առաջանում է այս օրենքի հետ կապված։ Եթե օրինակ մեկ տարի առաջ նման իրավիճակ լիներ, հասկանալի էր միանշանակ, որ Արմեն Սարգսյանը կստորագրեր 100 տոկոսով։ Սակայն հիմա իրավիճակը մի փոքր բարդ է, ու եթե չստորագրի էլ ու գործարկի իր լիազորություններով նախատեսված ընթացակարգերը, դժվար թե Փաշինյանը ուզենա հանուն դրա առճակատման գնալ Արմեն Սարգսյանի, ասել է, թե այն գլոբալ վերնախավի հետ, որին ներկայացնում է նախագահը։
Այլ է հարցը, թե կուզենա ավելորդ գլխացավանքի տակ մտնել։ Ի վերջո, եթե հաջորդ տարի փետրվարից սկսելու են սահմանադրական փոփոխությունների վրա աշխատել, ինչը նշանակում է, որ հնարավոր է վերադարձ կիսանախագահական համակարգին, իսկ դա էլ նշանակում է, որ ինքը ակամա կդառնա հեռացող մեկը, ապա ավելորդ քաշքշուկը նրան առանձնապես պետք չէ։ Ի վերջո քաղաքական պատասխանատվությունը իշխող մեծամասնությանն է, իսկ ինքը «ճանապարհորդ ոզնու» կերպարի մեջ մտած, փորձում է կայացնել չորրորդ հանրապետության նախագահի ինստիտուտը։



