Արման Ղազարյանը՝ ՀԾԿՀ նախագահին․ ինչո՞ւ ՀԷՑ-ը...

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հարց ուղղեց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին՝ ՀԷՑ-ի ներդրումային ծրագրերի և ժամանակավոր կառավարման տակ դնելու որոշման վերաբերյալ։

Պատգամավորի խոսքով՝ ՀԷՑ-ի տարեկան ներդրումային բոլոր ծրագրերը հաստատվել են հանձնաժողովի կողմից, սակայն ՀԾԿՀ-ն երբեք դրանց վերաբերյալ առարկայական գնահատական չի տվել:

«Նույնիսկ միջազգային կազմակերպությունների ներկայացրած եզրակացություններում ձեր արձագանքը բացակայում է։ Իսկ հաստատված ծրագրերը ձեր անմիջական հսկողության ներքո փոխվել են՝ առաջնայինից երկրորդային տեղափոխվելով, այդ թվում բազմաբնակարան շենքերի միացման, ցանցերի արդիականացման ու հզորությունների ապահովման ծրագրերը»,– նշեց Ղազարյանը։

Նա ընդգծեց, որ այս ամենից հետո հանկարծ կայացվել է ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարման տակ դնելու որոշում:

«Այդ ինչպե՞ս եղավ, որ միանձնյա որոշեցիք ՀԷՑ-ի կառավարումը վերցնել։ Եթե ընկերությունը որոշակի պարտավորություններ կատարել էր, ապա ինչո՞վ էր պայմանավորված այս շրջադարձային որոշումը»,- ասաց պատգամավորը։