«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «Ազգային կոմիտեի» գործունեությանը, «Աբովյան Time»–ի եթերում հայտարարել է, որ կոմիտեում քննարկվել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման հարցը:
Ըստ Մինասյանի՝ ժամանակավոր կառավարության կազմում եղել է նաև Վարդան Օսկանյանը։ «Պայմանը մեկն էր`կաթողիկոսներն ու նախկին բոլոր նախագահները պետք է հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, սակայն առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, ուստի գաղափարը չի իրացվել»,–ասաց Մինասյանը։
Մեր հարցին, թե ի՞նչ դիրքորոշում է ունեցել «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն այդ հարցում, նա պատասխանել է, որ Արման Թաթոյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորման հարց կոմիտեում չի քննարկվել: «Համենայնդեպս ես նման քննարկման չեմ մասնակցել, հետևաբար իմաստ չեմ տեսնում գնահատական տալ այդ գաղափարին: Թաթոյանի ու Օսկանյանի թեման կոմիտեում իմ մասնակցությամբ քննարկվել է բացառապես նրանց՝ կոմիտեի ընդլայնված կազմում ընդգրկելու մասին: Մնացածի մասով արդեն չեմ կարող պատասխանել»: