«Առինջ մոլ»-ում հարկային մարմինները ստուգումն...

Aysor.am-ի տեղեկություններով՝ այս պահին հարկային մարմինները ստուգումներ են կատարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում: «Առինջ մոլ»-ում աշխատող առևտրականներն ահազանգում են, որ ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում առևտուր անել: Ըստ նրանց՝ ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի:

«Առինջ մոլ»-ում ՊԵԿ աշխատակիցների կողմից կատարվող ստուգումների մասին հարցին ի պատասխան՝ Aysor.am-ին ՊԵԿ-ից հայտնեցին. «Ստուգումների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն օպերատիվորեն հրապարակվում է ՊԵԿ պաշտոնական կայքում և այն տրամադրվում է նաև ԶԼՄ-ներին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին մոտ 12 ժամ Քննչական կոմիտեի քննիչները խուզարկություն են իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրա հետ փոխկապակցված 70-ից ավելի այլ հասցեներում, որից հետո «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող մի քանի ընկերություններ՝ այդ թվում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը կապարակնքվել են: Օրեր առաջ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կապարակնիքները հանվել են, ներսում ստուգումներ են կատարվում, բայց կոմբինատը դեռ չի աշխատում:

Վերջին օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի քանի ընկերությունների աշխատակիցներ միաժամանակյա ակցիաներ են անցկացրել ձեռնարկությունների մոտ՝ պահանջելով բացել գործարանների կապարակնիքները և թույլ տալ իրենց աշխատել։