Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի մյուս դաշնակիցների մոտ սպառվում են սպառազինությունների պաշարները, որ նրանք կարող են տրամադրել Կիևին: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այսօր The Washington Post թերթում հրապարակված հարցազրույցում։
«Մինչ շարունակվում է պատերազմը, դաշնակիցները շարունակում են ռազմական և ֆինանսական աջակցությունն Ուկրաինային և Կիևի վրա ճնշում չեն գործադրում՝ բանակցել Ռուսաստանի հետ կամ զիջումների գնալ», - ասել է Ուոլեսը:
Բրիտանիայի պաշտպանության նախարարը հավելել է, որ արևմտյան գործընկերների մոտ սպառվում են պաշտպանական սարքավորումները, որոնք կարելի է տրամադրել Ուկրաինային: Հետևաբար, Ուկրաինայի դաշնակիցներն ստիպված են ավելի շատ զենք գնել Կիևի համար, քանի որ չեն կարող այն տրամադրել ազգային պաշարներից։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ դաշինքի երկրներին անհրաժեշտ է ավելացնել զենքի արտադրությունը, քանի որ սպառազինության պաշարներն սպառվել են Կիևին մատակարարումների պատճառով: