Արդարադատության նորանշանակ նախարարը՝ նախարարո...

«Նախարարությունում շատ խնդիրներ ու բաց թողնված հարցեր կան, որոնք պետք է լուծել»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով. «Առանց մեղադրական դատական վճռի գույքի բռնագանձման նախագիծն արդեն պատրաստ է, հիմա միջազգային փորձաքննության փուլում է, ԵԽ կողմից փորձագիտական միջանկյալ կարծիք արդեն ստացվել է, կառավարությունը սպասում է նաև մյուս միջազգային գործընկերների կարծիքին»:

Հարցին՝ այդ ինստիտուտի ներդրումն ինչպե՞ս կանդրադառնա ներդրումների և տնտեսական զարգացման վրա, արդյո՞ք ներդրողները չեն վախենա ներդրումներից, քանի որ հնարավոր է՝ ինչ-որ պահի իրենց գույքը կասկածի տակ կդրվի, նա պատասխանեց՝  ոչ, քանի որ դա ներդրողի վրա որևէ կերպ չի կարող տարածվել: Բադասյանի խոսքով՝ դա պարզ շահարկում է.«Այն շահարկումները, թե դա ուղղված է հարուստ մարդկանց դեմ, ևս զավեշտների շարքից են, որովհետև նրանց դեմ ուղղված չի կարող լինել: Նման հանցագործությունների շրջանակը սահմանափակված է ակնհայտ կոռուպցիոն բնույթի հանցանքներով`թմրամիջոցների շրջանառությամբ և թրաֆիքինգով: Եթե օտարերկրյա ներդրողը դրանցով չի զբաղվելու, ակնհայտորեն գույքը կորցնելու մտավախություն չի կարող ունենալ»: