Արցախի ՏԻՄ ընտրությունների արդյունքները կասկա...

«Մենք կարող ենք արձանագրել, որ Արցախի Հանրապետության համայնքների բնակիչները երեկ ընտրել են ՏԻՄ մարմիններին, և մեր կողմից չեն նկատվել խախտումներ, որոնք կարող են կասկածի տակ դնել այդ քվեարկության արդյունքները»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ամփոփելով Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները:

Վերջինս նշեց, որ այդուհանդերձ, բնականաբար, ցանկացած ընտրություններ ունենում են խնդիրներ, և այդպիսիք ունեցել են նաև Արցախի՝ սեպտեմբերի 8-ի ընտրությունները:

«Նշեմ, որ Արցախի շատ մարմինների կողմից տեսնում էինք պատրաստակամություն՝ առավելագույնս բարձր մակարդակի վրա իրականացնելու այս ընտրությունները: Նման պատրաստակամություն մենք տեսանք Ոստիկանությունից, բավականին նաև տեսանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Այդուհանդերձ, ընտրական հանձնաժողովների մասին խոսելիս, պետք է արձանագրենք, որ տեղական ընտրական հանձնաժողովների կվալիֆիկացիան բավականին բարելավվելու տեղ ունի, և ավելի բարձր մակարդակի վրա կանցնեն ընտրությունները, եթե ընտրական հանձնաժողովները ավելի կվալիֆիկացված լինեն»,-ասաց Իոաննիսյանը:

Առկա խնդիրների մասին խոսելով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգողը նշեց.

«Արցախում չկան քվեարկության ծրարներ, և այս առումով ընտրությունները շատ ավելի լավը կլինեին, ընտրողները վստահ կզգային, որ իրենց քվերակության գաղտնիությունը երաշխավորված է (ինչը և՛ իրավունք  է, և՛ պարտականություն, և սահմանադրությամբ և Արցախի ընտրական օրենսդրությամբ ամրագրված նորմ), եթե քվեարկության ծրարների ներմուծում լիներ: Քվեախցիկները հին էին, և դրանց փոխվելու դեպքում ևս ավելի բարձր մակարդակի վրա կլիներ քվեարկության գաղտնիությունը»:

Իոաննիսյանն անդրադարձավ նաև Արցախի Հանրային հեռուստաընկերությանը՝ նշելով, որ վերջինս գումար է պահանջել ընտրության հետ կապված սոցիալական գովազդ ցուցադրելու համար, ինչն անընդունելի է: