Արցախի կարգավիճակի հարցը օրակարգ դարձնելը և պ...

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուոլրիքի՝ News.am կայքին տրված հարացազրույցը հետաքրքիր նրբերանգներ ուներ: Այն ինչ որ իմաստով հակակշռում էր ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ ՄԽ մասին արված վերջին հայտարարությանը, ըստ որի Արևմուտքը չեղարկել է Մինսկի խմբի եռանախագահությունը:

Արտգործնախարար Լավրովը մեկնաբանում էր այն, որպես արևմուտքի կողմից, Արցախյան հակամարտության հետագա կարգավորումը միայն ռուսական կողմի վրա թողնելու անպատասխանատու քայլ:

Կարծում եմ, որ Ջեյմս Ուոլրիքի հարցազրույցը պատահական չէր արված: Այն նպատակ ուներ հայ հասարակության մոտ, Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ամերիկյան պատրաստակամության և որոշ մոտեցումների վերահաստատում իրականացնել:

Մասնավորապես, նա նշում է, որ.

1. “Եթե տևական խաղաղություն եք ուզում, կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ, այդ հարցը պետք է կողմերը կարգավորեն”: Սա ուղերձ է ՀՀ դավադիր “իշխանություններին”, որ Արցախի կարգավիճակի հարցը օրակարգ դարձնելը և պահանջելը հարցի լուծման միակ բանալին է: Ասել է թե, եթե Արցախի կարգավիճակի հարց չի քննակվում, ապա կոնֆլիկտը խաղաղ ավարտ ունենալ չի կարող, և Ադրբեջանը վախի մթնոլորտ ստեղծելով՝ անընդհատ տարածքներ և տարբեր զիջումներ է պոկելու Հայաստանից:

2. Խոսելով կարգավիճակի մասին, ամերիկացի նախկին համանախագահը նշում է նաև, որ “Սա մի հարց է, որի լուծմանը պետք է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ներգրավվի: Մշտապես կարիք է եղել, որ պատեհ ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից հանրաքվե պետք է անցկացվի: Կարծում եմ՝ սա դեռ օրակարգում է և կարող է ապագա կարգավիճակի հիմքը ստեղծել”: Ուոլրիքը հաստատում է (ինչպես նաև ՌԴ նախկին համանախագահ Իգոր Պոպովը), որ նախկին իշխանությունները, բանակցային բոլոր փուլերում քննարկել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հանրաքվեի միջոցով իրացնելու և կարգավիճակը լուծելու հարցը:

3. Նա նաև նշում է, որ “…Կարծում եմ՝ միջազգային հանրությունը դեռեւս կարող է օգնել երկրների ղեկավարներին առանցքային խնդիրներում լուծումներ գտնելու հարցում, ինչը կարող է երկարատև խաղաղության բերել։ Մենք չենք ցանկանում, որ հակամարտությունը մարտադաշտում շարունակվի։” Սա նշանակում է, որ Արցախի հիմնախնդրի քաղաքական կարագավորուման հնարավորությունները դեռևս ավարտված չեն, և եթե Հայաստանը լրջորեն չզբավի հարցի քաղաքական կարգավորմամբ, ապա նոր պատերազմը կարող է անխուսափելի լինել:

44 –օրյա պատերազմից անցել է ուղիղ 18 ամիս: Նիկոլը և իր քաղաքական տգետների թիմը ոչ մի օգտակար հարց Հայաստանի ու Արցախի համար չեն կարողանում առաջ տանել: Նրանց նպատակը մեկն է. սպասարկել օտարների շահերն այնպես, որ իրենք մնան իշխանության: Այսինքն՝ անեն այնպիսի քայլեր, որով Մոսկվայի, Վաշինգտոնի, Բրյուսելի, Անկարայի և Բաքվի մոտ ցանկություն չառաջանա իրենց իշխանությունից հեռացնել:

Եթե Հայաստանում իշխանության լինեն պատրաստված և փորձառու քաղաքական ուժեր, ապա Արցախի կարգավիճակի հարցը, ի հեճուկս չուզողների՝ միջազգային հանրությունը, և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց արդեն քննարկելիս կլիներ: Դա առավել քան հնարավոր է, եթե դու քեզ չես ընդունում որպես կապիտուլյանտ և չես շարժվում թուրք-ադրբեջանական օրակարգով:

Մենք դրա համար ենք վստահաբար ասում, որ Նիկոլին հեռացնելուց հետո, շատ հարցեր արագ և շահավետ լուծումներ կստանան, և հնարավոր կլինի զգալիորեն բարելավվել Հայաստանի ու Արցախի ջախջախված դիրքերը:

Շատերն ասում են, “- դե ի՞նչ անի խեղճ Նիկոլը, ամբողջ աշխարհը խառնվել է իրար, ու իրանից կախված բան չկա: Ստիպված է ենթարկվել դրսի ուժերին”:

Պատասխանը մեկն է. Նիկոլը պետք է անհապաղ հրաժարական տա, հանուն Հայրենիքի, հանուն ՀՀ քաղաքացիների կյանքերի: Այլապես, կապիտուլյացված Նիկոլով մեր երկիրը չի ունենալու խաղաղ ապագա, և դա առավել քան ցայտուն երևում է:

Իսկ այսօրվա քաոտիկ աշխարհում, եթե Հայաստանն ունենա նոր, քաղաքականապես ամուր և փորձառու իշխանություն, ապա հենց համաշխարհային խառնաշփոթը կարող է լավ հնարավորություն դառնալ երկրի շահերն առաջ տանելու համար, երբ ունես կողքիդ կանգնած դաշնակից և ունես քո իրավիճակը շատ լավ հասկացող բարեկամ պետություններ:

Աշխարհը հասկանում է, որ արցախյան 44-օրյա պատերազմի ելքն առնվազն անարդար էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրավունք չունեին խախտել ԵԱՀԿ ՄԽ կողմից առաջ տարվող խաղաղ կարգավորման և ինքնորոշման իրավունքի իրացման նախապատրասված գործընթացը: Բոլոր լավ հասկանում են, որ անարդար են եղել հայ ժողովրդի նկատմամբ և չեն ցանկանում, որ այս պայքարից շահած դուրս գա միայն Ադրբեջանն ու Թուրքիան:

Քաղաքակիրթ ու քաղաքական աշխարհը միայն մի բան չի հասկանում. առ այսօր ի՞նչ գործ ունի կապիտուլյացված և թրքահպատակ իշխանությունը Հայաստանի կառավարման ղեկին: Սա հայ ժողովրդի խնդիրն է և հանուն երկարատև խաղաղության` այսօր այն պետք է լուծվի: