
Մենք դեմ ենք արտահայտվել Մինսկի խմբի լուծարմանը, որովհետև դա միակ միջազգային հարթակներում ստեղծված մեխանիզմն էր, որը զբաղվում էր Արցախի հարցով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Սակայն տեսանք, որ նույնիսկ Մինսկի խմբի գոյության պայմաններում հնարավոր եղավ արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից։ Հույս ունենք, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ, և մենք ևս կկարողանանք օգտվել դրանցից»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Փաշինյանի գրառմանը՝ Շահրամանյանը նախ նշեց, որ չի ուզում մեկնաբանել նրա խոսքերը, բայց ուզում է անդրադառնալ մի հարցի:
«Եթե այսօր ասում են, որ Արցախի հարցը փակ է, որ Մինսկի խումբը լուծարվել է, և Արցախը համարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ապա պետք է արձանագրել՝ այս ամենը իրականացվել է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում։ Փաշինյանն ինքն էր ասում՝ եթե դեմ եք այն ամենին, ինչ ես անում եմ, շարունակեք առանց ինձ։
Այս պարագայում ես համարում եմ, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, անկախ նրանից՝ մասնակցել է ընտրություններին, թե ոչ, ընտրել է այդ քաղաքական ուժին, թե ոչ, իր բաժին պատասխանատվությունն ունի։ Հույս ունեմ, որ առաջիկա հավանական ընտրությունների դեպքում ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի, և մենք՝ որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, այդ հիման վրա կկողմնորոշվենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է այն տեղեկությանը, Հայաստանի պատմության դասագրքում ևս գրվել է, թե իբր ինքն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը, Շահրամանյանն արձագանքեց. «Ես բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին և նորից ասում եմ՝ դա իրականության հետ աղերս չունի։ Բացի այդ, փաստաբան Ռոման Երիցյանը ևս անդրադարձել է այս թեմային։ Մենք գնալու ենք իրավական ճանապարհով, և այդ ամենին կտրվի իրավական գնահատական»:
Նա հայտարարեց, որ Եթե որևիցե մեկը համարում է որ գոյություն ունի նման փաստաթուղթ, նույն մարդը պետք է հաշվի առնի, որ գոյություն ունի փաստաթուղթմ, որով դա անվավեր է ճանաչվել: