Երեկ Ալիևը մեր հարցերի պատասխանը տվեց Սաղաթել...

«Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակվել, քանի դեռ Արցախի ժողովուրդը զրկված է իր պատմական հայրենիքում արժանապատիվ կյանքի իրավունքից»։ Այս մասին Երևանում «Արցախ. չլուծված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային համաժողովում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ինչպես ընդգծեց Սաղաթելյանը, ուժի սպառնալիքով ընդունված որևէ փաստաթուղթ չի կարող համարվել օրինական և առանց Արցախի ժողովրդի անմիջական մասնակցության կայացված որևէ որոշում չի կարող գոյություն ունենալու իրավունք ունենալ։

Արցախցի բնակիչների հայրենիք վերադառնալու իրավունքը հիմնարար է և չի կարող անտեսվել։ Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրենց քայլերը Հայաստանի դեմ, իսկ ՀՀ իշխանությունները փորձում են պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ։

«Մենք պետք է արդարություն պահանջենք և ձևավորենք միջազգային համախմբվածություն՝ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Նիկոլ Փաշինյանը Արցախը հանձնելն արդարացնում է ՀՀ ինքնիշխանության պահպանմամբ, բայց իրավիճակն այնպիսին է, որ Սյունիքի վրա է սպառնալիք կախված և միջանցք տրամադրելը ներկայացվում է որպես Սյունիքը պահպանելու միակ հնարավորություն։ Արցախի հարցը վերաբերում է ողջ տարածաշրջանի խաղաղությանը։ Եթե անտեսենք արցախցիների վերադարձի իրավունքը, շարունակենք լռել Արցախում էթնիկ զտումների, հուշարձանների ոչնչացման մասին, եթե միջազգային հանրությունը շարունակի լռել գերիների հարցի շուրջ, եթե ադրբեջանական զորքերը շարունակեն մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա մեզ խաղաղություն չեն առաջարկում, այլ էլ ավելի վատ կապիտուլյացիա», - ընդգծել է Սաղաթելյանը՝ կոչ անելով շարունակել պայքարը։