Արցախի ԱԳՆ-ը չի մեկնաբանում ԱՄՆ-ի կողմից Արցա...

«Մենք դեռ պետք է տեղեկությունը ստուգենք, ճշտենք, ապա նոր պարզաբանում տանք»,- այս մասին Politik.am-ին ասաց Արցախի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ անդրադառնալով տարծված լուրերին, թե ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը։

Հարցին, թե այս մասին արդեն տեղեկություն ԱԳն ստացե՞լ է, Սարգսյանը պատասխանեց, որ այս մասին դեռ մեկնաբանություն չի կարող տալ։

Տեղեկացնենք, որ այս մասին ֆեյսբուքյան գրառում էր կատարել նաև քաղաքագետ Սուրեն Սարգսյան` նշելով, որ Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության նպատակն է ականապատված տարածքների ականազերծումը.

«Սա USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է իր մեջ պարունակում։ Կոչ եմ անում ամերիկաբնակ ընկերներիս միանալ Հայ Դատի գրասենյակի կազմակերպած արշավին: Նորից եմ ասում, սա լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու: Սա դառնալու է քաղաքական և իրավական նախադեպ, որի հետևանքները բոլորս ենք գիտակցում:

P.S. ԱՄՆ-ն աշխարհի միակ պետությունն է ՀՀ-ից հետո, որ չճանաչելով Արցախի անկախությունը ուղիղ ֆինանսական աջակցություն է տրամադրում Ստեփանակերտին»,- գրել է նա։