«Արցախ․ չլուծված հակամարտություն, վերադարձի ի...

Երևանում անցկացվում է «Արցախ. չլուծված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային համաժողով, որը կազմակերպվել է Հայ հեղափոխական դաշնակցության ջանքերով։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն հակամարտությունները ուժով և դրա կիրառման սպառնալիքներով լուծելու անթույլատրելիությունը, չլուծված արցախյան խնդիրը, արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքի իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատելու հեռանկարները։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն հետևյալ հիմնական հարցերը.

  • Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլը և ընթացող գործընթացների վտանգավոր միտումները,
  • Միջազգային հանրության պատասխանատվությունը և արդար ու կայուն խաղաղության անհրաժեշտությունը,
  • Ժամանակակից մարտահրավերները հաղթահարելու համար անցյալի փորձի կիրառումը,
  • Արցախահայության շահերի պաշտպանությունը և վերադարձի իրավունքի իրացումը որպես կայուն խաղաղության նախապայման,
  • Մշակութային ժառանգության պահպանման արդիականությունը Ադրբեջանի կողմից իրականացվող ոչնչացման և յուրացման քաղաքականության համատեքստում,
  • Գերիների վերադարձի և հումանիտար հարցերի անհետաձգելի լուծումը ՝ որպես փոխվստահության մթնոլորտի ստեղծման հիմք։

Զեկույցներով հանդես կգան Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Արցախի և Հայաստանի Հանրապետության քաղաքական, գիտական ​​և փորձագիտական ​​շրջանակների ներկայացուցիչներ։

Համաժողովի նպատակն է ստեղծել միջազգային և ազգային կոալիցիա՝ արցախյան խնդրի արդարացի լուծման, արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքի իրականացման և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության հաստատման համար։