Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկ. Գյումրու դարբնության ավանդույթ» թեմային նվիրված մեկ նամականիշի մարման պաշտոնական արարողությանը: Միջոցառումն իրականացվել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկներ» երևանյան միջազգային համաժողովի շրջանակում:
.jpg)
Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005 թվականի կոնվենցիայի քարտուղար Տուսեն Տիենդրեբիոգոն, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
.jpg)
500 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են աշխատող դարբիններ և մուրճի ու շիկացած մետաղի հպումից առաջացող կայծերը։ Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Գյումրու դարբնության ավանդույթը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Նամականիշի վրա նաև առկա է «Գյումրու դարբնության ավանդույթ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը 10 000 օրինակով։ Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է:



