Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հանրապետության բնականոն կյանքի վերականգնումը Կառավարության գերակա նպատակներից է, և անհրաժեշտ է արագ ու արդյունավետ լուծումներով վերացնել պատերազմական հետևանքները: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատերազմի հետևանքով վնասվել և մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել Հանրապետության մի շարք ենթակառուցվածքներ, այդ իսկ պատճառով հարկ է վերանայել ջրամատակարարման որոշ ծրագրեր ու ցանցեր։ Այդ համատեքստում նախագահը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս կարճ ժամկետում մշակել նոր ծրագրեր՝ գործող ենթակառուցվածքների վերանորոգման, նոր ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև ոլորտի տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ նախատեսելով և՛ բյուջետային, և՛ արտաբյուջետային միջոցների ներգրավում։



