
Իրանը կարող է Վիեննայում անցկացնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ բանակցությունների հաջորդ փուլը: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Պարոն Մասիմո Ապարոյի (չտարածման գծով ԱԷՄԳ-ի ղեկավարի տեղակալ)՝ վերջերս Թեհրան կատարած այցն օգտակար էր մեզ համար…. Այս այցից հետո մենք մշակեցինք և գործակալությանն ուղարկեցինք գրավոր ուղերձ՝ (ԱԷՄԳ-ի հետ հետագա համագործակցության վերաբերյալ) մեր տեսակետներով, որոնք հաշվի են առել Հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքը։ Շաբաթ օրը՝ օգոստոսի 15-ին, մենք ԱԷՄԳ-ից ստացանք նրանց դիրքորոշումը, մեր միջև ուղերձների նման փոխանակումը շարունակվում է։ Մենք, հավանաբար, մեր գործընկերներին կուղարկենք Վիեննա՝ այնտեղ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու համար», - Արաղչիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հուլիսի 2-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել էր խորհրդարանի ընդունած օրենքը, որով Թեհրանը դադարեցնում էր համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ: Օրենքը նախատեսում է, որ ԱԷՄԳ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների ցանկացած ապագա ստուգում պետք է հաստատվի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից։