Արարատ Միրզոյանը Դանիայում ներկայացրել է Հայա...

Նոյեմբերի 12-ին Դանիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Կուսակցությունների և ժողովրդավարության դանիական ինստիտուտ (DIPD), որտեղ հանգամանալից քննարկում է ունեցել Դանիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

«Հայաստանը ժողովրդավարություն է, երիտասարդ, բայց ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հետևողական առաջմղման հարցում ամուր հանձնառությամբ ժողովրդավարություն, և մենք մեծապես շահագրգռված ենք համախոհ գործընկերությունների զարգացման հարցում»,- ընդգծել է նախարար Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը հավելել է, որ ինչպես ժողովրդավարական զարգացման, այնպես էլ խաղաղության ամրապնդման հարցում քաղաքացիական հասարակությունն ունի էական ներուժ և անհրաժեշտ կարևոր դերակատարում: 

Շարունակելով տարածաշրջանում խաղաղության թեման՝ նախարար Միրզոյանն ընգծել է, որ օգոստոսի 8-ին  ԱՄՆ նախագահի ներգրավածությամբ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր հանգրվան են, այդ թվում՝ Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում կայունության և փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ։

Այս համատեքստում նախարարը ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Հայաստանի տեսլականը՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ «Թրամփի ուղի» ծրագրի գործնական նշանակությունը։

Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի խնդիրների հասցեագրման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանի և Եվրոպական միության միջև դինամիկ խորացող գործընկերությանն ու հավակնոտ օրակարգին, ինչպես նաև Հայաստան-Դանիա համագործակցության զարգացմանը՝ բոլոր մակարդակներում։ Մտքեր են փոխանակվել ժողովրդավարությունների դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում առկա փորձին ու գործիքակազմին։  

Նախարարը պատասխանել է դանիացի փորձագետներին հետաքրքրող մյուս հարցերին։

Ինստիտուտը ստեղծվել է Դանիայի խորհրդարանի կողմից 2010 թվականին՝ նպաստելու զարգացող երկրներում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը՝ աջակցելով կուսակցություններին և բազմակուսակցական համակարգերին։