Առանձին դեպքերում ապերախտությունը նմանվում է...

Հակառուսականության այս ալիքը Հայաստանում ունի սուբյեկտիվ  և օբյեկտիվ պատճառներ: 
Մի բան ակնհայտ է՝ այն ունենալու է հետևանք, որն այսօր կանխատեսել պարզապես հնարավոր չէ: Կարևորը հայկական աշխարհի համար նպաստավոր ելք, ապագա ապահովվի: Այս իրավիճակում  կուզենամ խիստ կարևոր մեկ փաստ հիշեցնել,  բարձրաձայնել՝ մոլորակի վրա չկա ուրիշ որևէ այլ երկիր, որը քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական  իր հնարավորություններով Հայաստանի համար ավելին արած լինի, քան Ռուսաստանը:  

Սա փաստ է, որը չի կարող  ժխտվել ինչպես  գործող իշխանությունների, այնպես էլ ծայրահեղ հակառուս ուժերի կողմից:
Պատերազմի ընթացքում Սյունիքում  ռուսական զորքերի տեղակայումը, ամեն մի  նոր հենակետի հիմնումը, որտեղ ծածանվում էր ռուսական դրոշը, մենք ընդունում էինք խանդավառությամբ և զգացումով, որ հզոր դաշնակից ունենք  մեր կողքին: Այն զսպող ուժ էր հակառակորդի համար:

Չի կարելի ապերախտ լինել: Առանձին դեպքերում դա նմանվում է դավաճանության: 
Գուցե  ավելին կարելի էր ակնկալել Ռուսաստանից: Որևէ մեկը չի կարող դա վիճարկել, սակայն փաստը մնում փաստ, որ Ռուսաստանը գտնվել է ռազմավարական դաշնակցի դիրքում և ի վերջո նրա ջանքերով է կանգնեցվել պատերազմը, ինչը ևս պարտադիր պետք է հիշել ու գնահատել ...

Այս գրառմամբ ես որևէ կերպ չեմ ուզում թերագնահատել մեր մյուս բարեկամ երկրներին, պարզապես ճշմարտությունը պետք է իմանալ և ներկայացնել հանրությանը:

Միքայել Համբարձումյան

ԱԱԾ պահեստազորի գնդապետ. ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար