Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում 2021 թվականի առաջին երեք եռամսյակի տվյալներով 1,5 տոկոս անկում է գրանցվել: Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարությունում կայացած լրագրողների հետ ճեպազրույցում:
«Առաջին երեք եռամսյակի տվյալներով 1,5 տոկոս տնտեսական անկում ունենք գյուղատնտեսության մեջ: Գյուղոլորտի անկման ամենակարևոր գործոնը եղել է սննդամթերքի գների բարձր աճը, որով ճշգրտվում է գյուղոլորտի արդյունքների նոմինատորը»,- ասաց Քերոբյանը:
Ըստ նախարարի՝ անկման հետ շատ մեծ կապ ունի նաև ոռոգման համակարգի վատ աշխատանքը: Եվ այդ առումով, Քերոբյանի վստահեցմամբ, կառավարության ծրագրում և միջոցառումների ծրագրով նախատեսել են ոռոգման ջրային համակարգի բարեփոխումն այնպես, որ կարողանան էապես լավացնել գյուղատնտեսների սպասարկումը ոռոգման ջրով:



