Առաջիկայում Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին։
«Առաջիկայում ոչ, նման հանդիպում նախատեսված չէ»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն շարունակում է աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների շուտափույթ կարգավորման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա: Նրան չի գոհացրել հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ներկայության մասին Երեւանի առաջարկը։
«Ռուսաստանը շարունակում է աջակցել երկու պետություններին իրավիճակի կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում»,-հավելել է Պեսկովը։