Վայոց ձորի մարզում Lexus-ը մխրճվել է երկաթե ա...

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Մ. Ասատրյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Վարդենյաց լեռնանցքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի 1-ին դասակի ավագ պարեկ Խաչիկ Ստեփանյանն ու կրտսեր պարեկ Աշոտ Գասպարյանը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:

Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել է ևս 1 ուղևոր: