Արագածոտնի թեմը երեկ միասնական աղոթքի էր մեկտեղվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ եկեղեցում կատարվում է միասնական ժամերգություն և թեմի հոգևոր դասը, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, մեկտեղվում է միասնական աղոթքի:
Հոգևոր դասն ու հավատավոր զավակներն Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասին աղոթել են անազատության մեջ հանիրավի գտնվող սիրելի առաջնորդ, հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, հոգևոր հայրերի և ամենքի համար։
Ժամերգության ավարտին ներկաներին իր խոսքն է ուղղել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը՝ պատգամելով հարատև ու անդադար մնալ աղոթքի մեջ։
«Խնդրում եմ հիշեք՝ գիշերին հաջորդում է այգաբացը։ Ես ուզենամ, թե ոչ, ինչ-որ մեկն ուզենա կամ չուզենա, կապ չունի, այգաբացը Աստծո կամքն է և այգաբացը լինելու է, ի փառս, ի շինություն մեր ազգի, մեր հայրենիքի և մեր եկեղեցու»,- նշել է Տեր Հայրը։
Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։
Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում։



