
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանակության մասին լուրերին ասաց․«Ինչպես տեսնում եք՝ ես շարունակում եմ աշխատել ակտիվ ռեժիմով, խնդրում եմ այլ հարցեր տվեք»: Հարցին, թե ինչու է Ադրբեջանն արգելել դիերի որոնողական աշխատանքների իրականացումը, Այվազյանը նշեց. «Դա բացատրվում է եղանակային վատ պայմաններով և վստահ եմ, որ մոտ օրերս, եղանակի բարելավման պայմաններում աշխատանքները կվերսկսվեն»:
Ինչ վերաբերվում է ռազմագերիների հարցին՝ նախարարը նշեց, որ ռազմագերիների հարցը 24-ժամյա ռեժիմով իրենց ուշադրության ներքո գտնվող հարցերից է. «Մեր միջգերատեսչական հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով: Եթե նկատել եք՝ միջազգային ճնշումը գնալով աճում է և գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը կամաց -կամաց դառնում է գլխացավանք հենց Ադրբեջանի համար: Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի պատանդառության քաղաքականությունից և անհապաղ լուծում կտա հումանիտար այս կարևորագույն հարցին»: Թե ինչ ժամկետներում է դա հնարավոր լուծել, Արա Այվազյանը հորդորեց համբերությամբ լցվել և նշեց, որ թե՛ իշխանության, թե՛ միջգերատեսչական հանձնաժողովի և թե՛ մեր միջազգային գործընկերների կողմից արվում է ամեն ինչ: