
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր՝ հունվարի 18-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկանում ենք արտգործնախարարության պաշտոնական կայքից։ «Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցների՝ արտգործնախարարներն անդրադարձան տարածաշրջանում կայունության հաստատման եւ անվտանգության ապահովման հարցերի:
Նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը եւս մեկ անգամ ընդգծեց հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախեւառաջ՝ ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց անհապաղ եւ անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական եւ պատմամշակութային ժառանգության պահպանման եւ այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարեւորության վրա: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ: