Ազգային ժողովը միաձայն քվեարկությամբ երկարացրեց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ դրա 6-ամսյա գործունեության ժամկետը հասել էր ավարտին, իսկ հանձնաժողովը չի ավարտել աշխատանքները։
Նախօրեին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց, որ այս ընթացքում հանձնաժողովը ուսումնասիրել է պաշտպանության նախարարության տրամադրած 2684 էջ գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր, որոնք վերաբերել են հետախուզական, օպերատիվ կառավարման և այլ հարցերի։
Նա նաև տեղեկացրեց, որ 6 ամսում քննվել է 10 զինծառայող։ Հիմա, ըստ Քոչարյանի, հանձնաժողովը կազմել է 40 պաշտոնյայից կազմված ցանկ, որոնց նախատեսում է քննել հաջորդ 4 ամսում, եթե Ազգային ժողովը հաստատի հանձնաժողովի աշխատանքի ժամկետը երկարաձգելու որոշում։
Քոչարյանն ասաց, որ իրենք պարտավոր են լսել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը պատերազմի ժամանակ զբաղեցրել է նախագահի պաշտոնը։



