
Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առիթով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց։
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունը, շնորհավորելով աշակերտներին և ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով` նախարարի տեղակալն ընդգծել է, որ կրթական համակարգը ակտիվ փոփոխությունների փուլում է գտնվում։
«Վստահ եմ՝ այն աշխատանքը, որն իրականացվում է դպրոցի կողմից, այն ջանքերը, որոնք ներդնում են ուսուցիչները և դպրոցի վարչական աշխատակազմը, սովորողների համար նոր հնարավորություններ են ապահովում։ Կրթության ոլորտում կատարվող փոփոխությունների արդյունավետությունը մեծապես կախված է ուսուցիչների և աշակերտների աշխատանքից։ Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում մեծ ուշադրություն ենք դարձնում ավագ դպրոցների կրթության որակին, որպեսզի աշակերտները դպրոցում ստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչը թույլ կտա կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, պատրաստվել ընդունելության քննություններին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին, տնօրեններին, աշակերտներին և ծնողական համայնքին արձանագրած հաջողությունների և ներդրած ջանքերի համար։
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի վեց մանկավարժական աշխատող նախորդ տարի հաղթող է ճանաչվել ԿԳՄՍ նախարարության հայտարարած «Ամսվա լավագույնները» մրցույթում, որը, ըստ նախարարի տեղակալի, բարձր արդյունք է։
Արաքսիա Սվաջյանը նաև տեղակացրել է, որ նոր ուսումնական տարին հայտարարված է ապահով և անվտանգ կրթական միջավայրի տարի, և այս առումով ևս կարևոր անելիքներ կան։
«Անվտանգ կրթական միջավայրի ապահովումը յուրաքանչյուրիս գործն է. յուրաքանչյուր ուսուցիչ, յուրաքանչյուր աշխատակից, յուրաքանչյուր աշակերտ, յուրաքանչյուր ծնող պետք է այդ ուղղությամբ հետևողական ջանքեր ներդնի։ Տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվելու, որոնց միջոցով դպրոցի միջավայրը դարձնելու ենք ավելի ապահով ու անվտանգ»,- ասել է նախարարի տեղակալը՝ դպրոցականներին մաղթելուվ հաջող ուսումնական տարի։
Տնօրեն Տաթև Մելքոնյանի տեղեկացմամբ՝դպրոցի աշակերտներից երեքը հաղթող է ճանաչվել հանրապետական առարկայական օլիմպիադաներում և ստանում է ՀՀ կառավարության կողմից սահմանված անվանական կրթաթոշակ։ Աշակերտներից մեկն էլ ՌԴ-ում կայացած կենսաբանության միջազգային օլիմպիադայում արժանացել է բրոնզե մեդալի։
2025-26 ուսումնական տարում Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց կհաճախի ավելի քան 560 աշակերտ. դպրոցն ապահովված է մասնագիտական լաբորատորիաներով։