Օգոստոսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ողիղ եթերում հայտարարեց, որ օգոստոսի 5-ին ելույթ կունենա Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Վարչապետ Փաշինյանը պնդում էր, որ լուրջ խոսակցություն է ունենալու․«․․․մտադիր եմ օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և սիրով հրավիրում եմ բոլորիդ՝ ներկա գտնվելու այդ օրը, որովհետև կարծում եմ, որ տեղի է ունենալու իսկապես շատ կարևոր խոսակցություն», - հայտարարել էր վարչապետը։
Երեկ, օգոստոսի 5-ին վարչապետ Փաշինյանը ելույթ ունեցավ Ստեփանակերտում։ Շատ վերլուծաբանների կարծիքով Փաշինյանի այս ելույթը պետք է լիներ շրջադարձային։ Ըստ այդ գնահատականների վարչապետը պետք է խոսեր, թե ինչ պետք է անել Արցախում և Հայաստանում։
Փաշինյանը իր ելույթում, սակայն, խոսեց 2050 թվականի անելիքներից․ «Ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարց եւ վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհնգապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազ. Աշխատող սթարթափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել առաջատար երկնրերի առնվազն առաջին քսանյակում: Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100%-անոց հասանելիություն, եւ առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության եւ գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի Աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի այս ելույթը հիշեցնում է ժողովրդական կենացների ժողովածու։ Այս ելույթը մեկնաբանությունների կամ գնահատակնների կարիք չի զգում։ Ելույթի վերջում մնում է ասել՝ անո՛ւշ պարոն վարչապետ, քանի որ Հայաստանում ընդունված է կենացից հետո նման բարեմաղթանք հղել կենացի հեղինակին։



