Աննա Հակոբյանի մտերիմին կալանավորել են․ «Հրապ...

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանը մոտ 2 ամիս է՝ կալանավորված է։ Պատմեցին, որ նա «Զվարթնոց» օդանավակայանում է ձերբակալվել, որովհետեւ պայուսակում զենք են հայտնաբերել: Մտերիմներն ասում են, որ նա «մոռացել է», որ մոտը զենք կա: Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, 40 օրում գործի նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան։ Գործը քննելու է դատավոր Վահե Ջիվանյանը։ Այսօր առաջին դատական նիստն է լինելու։

Առաջադրված մեղադրանքում գրված է․ «Արտյոմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չպարզված ժամանակահատվածից մինչեւ 2025 թ. հոկտեմբերի 8-ը, ժամը 21:15-ը, խախտելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները, իրեն պատկանող ձեռքի պայուսակի մեջ ապօրինի կերպով պահելով՝ չպարզված վայրից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է տեղափոխել չպարզված ժամանակահատվածում եւ հանգամանքներում ձեռք բերված, ինքնաշեն եղանակով պատրաստված, 22L.R./5,6x15,6մմ/ տրամաչափի օղակավոր բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակելու համար հարմարեցված, ակոսափող հրազեն հանդիսացող, ակոսափող ատրճանակ, որը մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եւ դրա տեղափոխման համար սահմանված արգելքը խախտելու եղանակով 2025 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 21:30-ի սահմաններում փորձել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով, այն է՝ Երեւան-Մոսկվա թիվ 323 չվերթով ապօրինի տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, սակայն իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ ժամը 21:30-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության աշխատակիցների կողմից կատարված՝ Ա. Վարդանյանի զննության ժամանակ հիշյալ ատրճանակը հայտնաբերվել է»։ Նրան մեղադրանք է առաջադրվել 335 հոդվածի 1-ին մասով` հրազենի ապօրինի շրջանառությունը, որը  պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով, եւ 44-340 հոդվածի 1-ին մասով` հրազենի մաքսանենգության փորձը, որը պատժվում է 3-6 տարի ազատազրկմամբ:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Վարդանյանի պաշտպանի հետ: Համացանցից պարզեցինք, որ Արտյոմ Վարդանյանը մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել 2021-ին, երբ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում նրա հետ լուսանկար էր հրապարակել եւ գրել. «Հանդիպում «Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամ, Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ»: Սակայն «Իմ քայլի» լավ ընկեր Արտյոմ Վարդանյանը նույն թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց «Թուրք Նիկոլ» ցույցի գլխավոր կազմակերպիչներից է եղել: Ըստ մամուլի տեղեկությունների, Աննա Հակոբյանը մտադիր է եղել նրան ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակել, ինչի դիմաց նա խոստացել է տարեկան 500 հազար դոլար փոխանցել նրա ֆոնդերին: 2018-ին նա նույնիսկ ցանկացել է Հակոբյանի հիմնադրամի ռուսաստանյան ներկայացուցիչը դառնալ, նրա ֆոնդի շնորհանդեսն է կազմակերպել, սակայն հաջողվել է հավաքել ընդամենը 18 հազար դոլար, ինչը գնահատվել է որպես ձախողում: Գտանք նաեւ նրա 2015 թ. հարցազրույցը «Դե ֆակտո» պարբերականին, որտեղ նշում է․ «2004-2006 թթ. ՀՀ ԶՈՒ-ում ծառայության ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար պարգեւատրվել եմ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից»: Ի դեպ, նրա հայրը՝ Մնացական Վարդանյանը, Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքը ղեկավարել է 35 տարի եւ իշխանափոխությունից հետո ընտրություններում պարտվել է: