Թուրքիան կարող է վերանայել իր դիրքորոշումը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումը վավերացնելու հարցում հոկտեմբերի սկզբին Սիրիայում թուրքական անօդաչու թռչող սարքի խոցման հետ կապված միջադեպից հետո։ Այս մասին հայտնում է կառավարամետ Hurriyet թերթը։
Հրատարակությունը նշում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը վերջին օրերին բավական սուր քննադատության է ենթարկում ԱՄՆ-ին այս միջադեպի համար։ Արդյունքում դա կարող է բացասաբար անդրադառնալ Թուրքիայի խորհրդարանում Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու Շվեդիայի դիմումի քննարկման ընթացակարգի վրա։
«Նախկինում ամեն ինչ հօգուտ այն էր, որ խորհրդարանը հոկտեմբերին հաստատեր Շվեդիայի դիմումը, սակայն Էրդողանը կարող է նոր որոշում կայացնել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը խոցեց մեր անօդաչու թռչող սարքը [Սիրիայում]»,- գրում է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։



