Անհրաժեշտ է պայքարել էլեկտրոնային սիգարետների...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ սահմանափակելու համար էլեկտրոնային սիգարետների տարածումը, այդ թվում նաեւ հատուկ մակնշում կատարելով, որտեղ կերեւա տեղեկատվություն այն մասին, որ էլեկտրոնային սիգարետները վնասակար են օրգանիզմի համար։ Այս առնչությամբ՝ ԱՀԿ-ն պետություններին հորդորում է համապատասխան օրենսդրական եւ նորմատիվ ակտեր ընդունել իրենց ազգային օրենսդրություններում, որպեսզի նաեւ կանխվի չծխողների կողմից ծխող դառնալու, կամ ծխելը թողած մարդու՝ նորից ծխող դառնալու հնարավորությունը։ ԱՀԿ-ում նշել են, որ էլեկտրոնային սիգարետները հաճախ գովազդում են երեխաներին եւ դեռահասներին, եւ այդպիսի գովազդներում կան տեղեկություններ, որոնք կարող են նրանց մոլորության մեջ գցել։ Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ էլեկտրոնային սիգարետների դեմ պայքար տարվի, ինչպես սովորական սիգարետ ծխողների դեմ է տարվում։