«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հերթական անգամ թիրախավորել է բարձրաստիճան հոգևորականներին և հայտարարել, որ Գարեգին Բ–ն չի կարող կաթողիկոս լինել։
«Նա կաթողիկոս չէ։ Դեպքեր կան, երբ փաստի բերումով մարդը ավտոմատ համարվում է կարգալույծ»,–ասաց նա՝ նշելով, որ ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ անհերքելի փաստեր են առկա։
Ալեքսանյանը չհամաձայնեց լրագրողի դիտարկման հետ այն մասին, որ Ստեփան Ասատրյանը կարգալույծ է հռչակվել, սակայն շարունակում է ծառայություն իրականացնել եկեղեցում՝ դեմ գնալով եկեղեցու կանոններին։
«Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ՀՀ վարչապետ լինելու համար պետք է համապատասխանի որոշակի պահանջների, օրինակ ՀՀ վարչապետը պարտավոր է լինել միայն ՀՀ քաղաքացի։ Եթե օրինակ պարզվի, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ոչ միայն ՀՀ քաղաքացի, այդ փաստի բերումով կդադարի լինել վարչապետ»,–նշեց Վահագն Ալեքսանյանը՝ կրկին հայտարարելով, թե Ստեփան Ասատրյանը չի կարող կարգալույծ համարվել, քանի որ Գարեգին Բ–ն չի կարող կաթողիկոս լինել։
Լրագրողների այն դիտարկմանը, որ իշխանությունների կողմից նախաձեռնված հակաեկեղեցական արշավի շրջանակում բարձրաստիճան հոգևորականները կալանավայրերում են հայտնվել, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց.
«Նաիրի Հունանյանի և կալանքի տակ գտնվող հոգևորականների մեղադրանքները նույնատիպ եմ համարում։ Դատարաններում հոգևորականներին առաջադրված մեղադրանքները չեն փլվում, հակառակը՝ ամրանում են և անհերքելի են դառնում։ Ինձ համար առնվազն, դրանք չփլվող մեղադրանքներ են։ Եթե հիմա կամայական մեկը, ով ունի հոգևորականի կարգավիճակ, տեռորիզմ իրականացնի, օրինակ, մտնի ԱԺ և գնդակահարի խմբակցություններից մեկի անդամներին, նրան պե՞տք է ձերբակալել, թե՞ ոչ։ Տեռորիզմի մեղադրանք կա առաջադրված, որը ապացուցվում է բոլոր ձայնագրություններով և փաստական հիմքերով»։



