Երեկ կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում: Նրանք փակել էին գյուղ մտնող ճանապարհը՝ դժգոհելով մանկապարտեզի շահագործման ժամկետներից: Արարատի մարզի լրատվական բաժնից էլ հայտնել էին, որ շինարարական ընկերությունը խախտել է շինաշխատանքներն ավարտելու ժամկետները: Այսպիսով՝ բնակիչները պահանջում էին հնարավոր ամենակարճ ժամկետում բացել մանկապարտեզը: Ասում են՝ կսպասեն մինչև օգոստոսի 1-ը, հակառակ դեպքում՝ կրկին բողոքի ակցիա կիրականացնեն:
Հիշեցնենք՝ Քաղցրաշենն այն համայնքն է, որի բնակիչները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են իրականացրել նաև Կառավարության դիմաց՝ պահանջելով լուծել համայնքի ոռոգման ջրի խնդիրը:
Politik.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանը տեղեկացնում է, որ ոռոգման ջրի հարցն արդեն գրեթե լուծվել է, մանկապարտեղի խնդիրն էլ շուտով կլուծվի. դատարանը կայացրել է վճիռը, սպասում են բողոքարկման ժամկետի ավարտին, որ աշխատանքները սկսեն:
Մեր հարցին՝ ինչու՞ են բոլոր խնդիրների դեպքում քաղցրաշենցիները դիմում բողոքի ակցիայի տարբերակին, այլ լուծումներ չկա՞ն, համայնքապետը հստակ պատասխան չի տալիս. «Այդ նույն հարցը նաև բողոքի ակցիաներից մեկի ժամանակ գյուղ այցելած պատգամավորները տվին, բայց դե ի՞նչ կարող եմ ասել, բնակիչներն անհանգստանում են, բա ի՞նչ անեն»:
Այն, որ ամեն խնդրի լուծման համար բողոքի ակցիա կազմակերպելը ճիշտ չէ, ժխտել չենք կարող, բայցև չենք կարող մոռանալ, որ քաղաքացիներն այս տարբերակները՝ ճանապարհ փակել ու բողոքի ակցիա կազմակերպել և արդյունքում հասնել ցանկալիին, սովորել են «վերևներից», հետևաբար՝ քաղցրաշենցիներին (և բողոքի ակցիա կազմակերպող մյուս բոլոր քաղաքացիներին) ևս մեղադրել չենք կարող:



